10 դեկտեմբերի 2012 - 11:09 AMT
Ազգային պատկերասրահը կներկայացնի ռուս նկարիչ Ռոբերտ Ֆալկի աշխատանքները

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ) բացվելու է ռուս գեղանկարիչ Ռոբերտ Ֆալկի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ինչպես հայտնում է Ազգային պատկերասրահը, առաջին անգամ համատեղ ներկայացվելու են Ֆալկի` ՀԱՊ-ի և Ռուսական արվեստի թանգարանում պահվող աշխատանքները: Ցուցադրվելու են կատալոգներում և հետազոտություններում լուսաբանված նկարչի հայտնի ստեղծագործությունները, որոնք լավագույնս բացահայտում են վարպետի արվեստի էվոլյուցիան:

Ցուցադրությունը լուսաբանելու է Ռոբերտ Ֆալկի ստեղծագործական ուղին` սկսած «Բուբնովի վալետ»-ից (1910-ական թթ.) և փարիզյան (1928-1937 թթ.) շրջաններից մինչև վարպետի հասուն շրջանը` 1940-50-ական թվականները: Ցուցադրության մեծ մասը կազմելու են Ֆալկի գեղանկարները («Դաշնամուրի մոտ», «Սևամորթը. Կրկեսի դերասանը», նկարչի կնոջ` Ա.Վ. Շչեկին-Կրոտովայի «Սև գլխաշորով», «Վարդագույն գլխաշորով»): Ցուցադրվելու է Կ. Գոլդոնիի «Ստախոսը» պիեսի ձևավորման էսքիզը: Ազգային պատկերասրահի հավաքածուում ընգրկված աշխատանքների մեծ մասը ձեռք է բերվել 1965 թվականին՝ ՀԱՊ-ում կազմակերպված Ռ. Ֆալկի առաջին անհատական ցուցահանդեսից: Դրանք ներառում են նաև նկարչի այրու` Ա. Վ. Շչեկին-Կրոտովայի թանգարանին նվիրաբերած ստեղծագործությունները:

Կատալոգի հեղինակը և ցուցահանդեսի համադրողն է ՀԱՊ-ի արտասահմանյան գեղանկարի բաժնի վարիչ Իրինա Բաղդամյանը: