ԱԺ-ում կառավարման թափանցիկության վերաբերյալ հայ-գերմանական համաժողով է կայանալու

ԱԺ-ում կառավարման թափանցիկության վերաբերյալ հայ-գերմանական համաժողով է կայանալու

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Եվրամիության և նրա կարևորագույն անդամներից մեկի՝ Գերմանիայի հետ Հայաստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում, որի նշանակալից դրսևորումներից Է ԱԺ-ում կայանալիք կառավարման թափանցիկության վերաբերյալ հայ-գերմանական համաժողովը: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում կարևորել է նաև Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության գործունեությունը, նրա աջակցությունը տեղական ինքնակառավարման, հանրային ֆինանսների կառավարման, արդարադատության ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Նա նշել է, որ Հայաստանը կառավարման թափանցիկության մակարդակը բարձրացնելու պատրաստակամություն է հայտնել և զգալի քայլեր արել այս ուղղությամբ, թեև անելիքներ դեռ շատ կան: Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ՝ Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները, շատ լավ գիտակցելով ժողովրդավարության զարգացման ուղենշային դերը, պատրաստակամ են շարունակական դարձնելու այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը: «Հայաստանը շատ է կարևորում կառավարման թափանցիկությունը երկրի ժողովրդավարական զարգացման ու արդյունավետ կառավարման գործում, քանզի առանց թափանցիկության չկա արդյունավետություն, իսկ առանց արդյունավետության չկա առաջընթաց»,-ասել է Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ արդյունավետ համագործակցության արդյունքում ԵՄ-ն, «Ավելին՝ ավելլի դիմաց» մոտեցման համաձայն, բացի Հայաստանի համար նախատեսված հիմնական գումարից, լրացուցիչ կներդնի 15 մլն եվրո:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթը շնորհակալություն է հայտնել համաժողովը ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում անցկացնելու հնարավորություն տալու համար՝ այդ փաստը բնութագրելով որպես թափանցիկության յուրօրինակ դրսևորում: Նա կարևորել է համաժողովը շահագրգիռ կողմերի մոտեցումների, փորձի ու գիտելիքների փոխանակման և Հայաստանում իրականացվող բարեփոխումների ու մարտահրավերների արձանագրման տեսանկյունից՝ արդյունավետ ու թափանցիկ կառավարումը գնահատելով որպես միջազգային զարգացման կարևորագույն նախապայման:

Երկուստեք համոզմունք են հայտնել, որ կառավարման ոլորտում ծավալված համագործակցությունը շարունակական կլինի, իսկ արդյունքները՝ ավելի ու ավելի տեսանելի:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---