10 դեկտեմբերի 2012 - 18:24 AMT
Օսկանյանի փաստաբանը գործի ընթացքի մասին. Ասվածից ավելի ոչինչ չեն ասում, իրենց ասածի վերաբերյալ կարծիքներն էլ մերժում են

Ազգային անվտանգության ծառայությունը խիստ վիրավորվել է, որ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի պաշտպանական կողմը հրապարակել է արտասահմանցի փորձագետների տեսակետը՝ պատգամավորի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ: Այս մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Նրանք ասել են, որ այդ կարծիքն իրենց համար որևէ նշանակություն չունի և իրավական հարցերով փորձագետ հրավիրվել չեն կարող»,- նկատեց Տիգրան Աթանեսյանն՝ անդրադառնալով ԱԱԾ-ի արձագանքին ՌԴ-ից հրավիրված իրավաբան Սամվել Կոչոյիի այն հայտարարությանը, թե Վարդան Օսկանյանի գործողություններում չկա հանցակազմ և նրա նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն է: Ըստ Տիգրան Աթանեսյանի՝ այստեղ մի կարևոր խնդիր կա՝ ավելի ոչինչ չեն ասում, քան արդեն ասել են, իսկ իրենց ասածի վերաբերյալ կարծիքները մերժում են: «Չկա ոչ մի միջոց պաշտպանվելու համար, ոչ մի դատարան և դատավոր այստեղ օգնել չեն կարող»,- ասաց նա:

Անդրադառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամի գործին խոսքի ազատության համատեքստում՝ փաստաբանը նկատեց, որ հիմնադրամին և Վարդան Օսկանյանին հաջողվել է ակտիվ հասարակությանը տեղեկացնել գործի մանրամասների մասին: Նա նաև նկատեց, որ այս գործի վերաբերյալ միայն մեկ-երկու հեռուստաալիք կարող է օբյեկտիվ տեղեկություններ տալ:

«Ասել, որ խոսքի ազատություն մեր երկրում չկա, սուտ կլինի, ասել, որ կա՝ ևս սուտ կլինի: Որոշակի առաջընթաց հաստատ կա»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» և «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2 մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած 1 մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Բացի այդ, ըստ անցկացված քննության՝ Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: