8 հունիսի 2005 - 08:04 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՇՎԵԴԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Յոհան Մոլանդերի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ դեսպանը հավատարմագրերի կրկնօրինակներն է հանձնել նախարարին: Վարդան Օսկանյանը շնորհավորել է դեսպանին եւ հաջողություն մաղթել նրան բարձր առաքելության մեջ: Վ.Օսկանյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանը առավել կխորացնի Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ ստեղծված փոխհարաբերությունները, հաշվի առնելով, որ անհրաժեշտ է զարգացնել առեւտրատնտեսական եւ մշակութային կապերը երկու երկրների միջեւ: Կողմերը քննարկել են Հայաստանում տնտեսական ու ժողովրդավարական բարեփոխումների ներկայիս ընթացքը, ինչպես նաեւ Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցում: Հանդիպման ժամանակ կարեւորվել է ԵՄ «Ընդլայնված Եվրոպա.Նոր հարեւաններ» ծրագրում Հայաստանի առավել ներգրավվածությունն ապահովելու Շվեդիայի աջակցությունը: