«ՏՈՅՈՏԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Տոկիոյում հանդիպում են ունեցել «Ճապոնիա-Հայաստան» ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ա.Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին` հայ-ճապոնական համագործակցությունը խթանելու ակտիվ ջանքերի համար` ընդգծելով, որ դեռեւս չօգտագործված մեծ ներուժ կա: Նրա խոսքերով` դրան զգալիորեն կարող են նպաստել ե՛ւ «Էքսպո-2005» ցուցահանդեսը, ե՛ւ հունիսին Մոսկվայում կազմակերպվելիք հայ-ճապոնական բիզնես-համաժողովը: Ա.Մարգարյանը նշել է, որ ներկայումս Հայաստանում է գտնվում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչները, որոնք Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում ուսումնասիրությունների ճանապարհով մտադիր են ի հայտ բերել համագործակցության համար առկա հնարավորությունները: Հանդիպման ընթացքում Ա.Մարգարյանն իրազեկել է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին` նշելով, որ գնալով ավելանում է ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների թիվը: Իր հերթին` ասոցիացիայի նախագահ Սուիմա Էդամուրան նշել է, որ տեղյակ է Հայաստանի տնտեսական առաջընթացի մասին եւ ուրախ է, որ երկիրը զարգացում է ապրում: Նա գոհունակություն է հայտնել հայկական պատվիրակության այցի շրջանակներում ստորագրվելիք միջկառավարական համաձայնագրի առիթով: Ինչպես նշել է Էդամուրան, «Տոյոտա» ընկերությունը մտադիր է իր ներկայացուցչությունն ունենալ Հայաստանում, որը, զրուցակիցների կարծիքով, կարող է տարածաշրջանային կենտրոն դառնալ: Հանդիպման ավարտին Էդամուրան ՀՀ վարչապետին է նվիրել Խորհրդային Միությունում, ապա նաեւ ՌԴ-ում դեսպան եղած տարիների իր տպավորություններն ամփոփող գիրքը, որում մի քանի էջ նվիրված է Հայաստանին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---