ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցի սկանդալային գաղտնալսումը դարձել է ներքաղաքական օրակարգի թիվ մեկ թեման: «Ժողովուրդ»-ը գրում է, որ Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսված հանդիպումը տեղի է ունեցել մոտ երկու-երեք ամիս առաջ Ազատության հրապարակին հարող տարածքում գտնվող «Ռիչ» սրճարանում, որն ինչ-որ կապ ունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորների հետ:
«Սա բացօթյա սրճարան է և ձմռանը չի գործում: Նույն աղբյուրների համաձայն՝ մինչև համացանցում այդ ձայնագրության հրապարակումը, այն անանուն ձևով ուղարկվել է ՀԱԿ անդամներից Նիկոլ Փաշինյանին ու Հրանտ Բագրատյանին, սակայն վերջիններս խայծը կուլ չեն տվել, այլ անտեսել են:
«Ժողովուրդ»-ին չհաջողվեց պաշտոնապես ճշտել այս տեղեկությունները: Փաշինյանը երեկ, թերթի հարցին ի պատասխան, ասաց. «Արդեն ասել եմ, որ ձայնագրության հետ կապված հարցերը չեմ մեկնաբանում»: Ի դեպ, երեկ ԱԱԾ-ի օրն էր, և ամենայն հավանականությամբ հենց նման սխրանքների համար էին երեկ ԱԱԾ-ականներին բարձր պարգևներ տալիս».-եզրափակում է թերթը: