18 դեկտեմբերի 2012 - 10:39 AMT
«168 ժամ». ՀՀՇ-ն կառաջադրի՞ Զուրաբյանի թեկնածությունը

«168 ժամ»-ը գրում է. «ՀԱԿ-ում համոզմունք է ձևավորված, որ դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը կհայտարարի իր առաջադրման մասին: Նրանք պնդում են, որ այդ հարցը կարելի է 99 տոկոսով լուծված համարել:

Իսկ ինչո՞ւ ոչ ՀԱԿ համաժողովում, այլ ՀՀՇ համագումարում, չէ՞ որ Տեր-Պետրոսյանը լինելու է ՀԱԿ թեկնածուն, և ոչ թե միայն ՀՀՇ-ինը: Սրա բացատրությունն այն է, որ մինչև վերջերս Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցը չի քննարկվել, քանի որ ավելի հավանական էր համարվում Ծառուկյանի առաջադրումը, իսկ դրանից հետո էլ ժամանակը չէր բավարարի ՀԱԿ համաժողով հրավիրելու համար: Հնարավոր է նաև, որ ՀԱԿ համագումար չի հրավիրվում միայն այն պատճառով, որպեսզի չերևա, թե իրականում ինչ է մնացել 2008թ. ստեղծված այդ կառույցից: Չնայած ՀԱԿ անդամների պնդումներին, որ Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է, դրանից դուրս համոզմունք կա, որ Տեր-Պետրոսյանը չի գնա նման քայլի, և ՀՀՇ համագումարում կառաջադրվի Լևոն Զուրաբյանը: Բանն այն է, որ եթե վերջինս առաջադրվեր ՀԱԿ-ի կողմից, դրան մաս կազմող ուժերը կարող էին ձախողել դա՝ օգտվել վետոյի իրենց իրավունքից: Մինչդեռ ՀՀՇ-ի կողմից Զուրաբյանի առաջադրվելու դեպքում ՀԱԿ-ի՝ «գծի մեջ» մնացած ուժերը կպաշտպանեն նրան, իսկ մյուսները կորակվեն՝ որպես «իշխանության հետ համագործակցող»: