Հայաստանում պետք է ձևավորվի նոր քաղաքական օրակարգ, քանի որ գալիք նախագահական ընտրությունները նմանվելու են մեկ մարդու հաղթարշավի: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Ըստ նրա, նախագահական ընտրություններում քաղաքական և գաղափարական մրցակցություն չի սպասվում: ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը, ըստ Արամ Սարգսյանի, նման է միայն բարի ցանկությունների: «Նախագահը պետք է երկիրը նախապատրաստի համակարգային փոփոխությունների` նախագահական ընտրություններից հետո»,- նկատեց նա:
Նա նաև նկատեց, որ քաղաքական դաշտում պետք է գործեն գաղափարներ կրող անձինք: Նրա համոզմամբ՝Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրմամբ նախագահական ընտրություններում կարող է որոշակի ինտրիգ առաջանալ, իսկ «Լևոն Տեր- Պետրոսյանը դժվար թե այնքան հանդուրժող լինի, որ պաշտպանի մեկ ուրիշին»: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին, ապա այս պահին, ըստ Սարգսյանի, նա վերադարձի կարիք ու ցանկություն չունի:
Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին ՀԴԿ-ի մասնակցությանը` Սարգսյանը նշեց, որ իրենք առանձին թեկնածուով չեն մասնակցելու նախագահական ընտրություններին, իսկ որևէ մեկին աջակցելու հարցը դեռևս քննարկվելու է կուսակցությունում: