21 հունիսի 2005 - 08:54 AMT
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՄ
Գերմանիայում բնակվող ադրբեջանցիները բողոքի ցույց-երթ են անցկացրել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման դեմ, տեղեկացնում է ադրբեջանական АПА գործակալությունը: Ադենաուերի հրապարակում սկսված երթն ավարտվել է «Gedaechtnis Kirche» եկեղեցու առջեւ բանաձեւի ընթերցմամբ: Ցույցը, որին մասնակցել են Գերմանիայի թուրքական համայնքի ներկայացուցիչների մեծ մասը` անցկացվել է «Թուրքիան չի կարող գործիք դառնալ գերմանական քաղաքականության ձեռքում», «Գերմանիայի քաղաքականությունը խեղաթյուրում է պատմությունը», «Ցանկանում եք Թուրքիան վերածել միջոցի՞ ընտրությունների ընթացքում: Չի ստացվի», «Խորհրդարանները դատարաններ չեն, իսկ քաղաքական գործիչները` դատավորներ», «Խորհրդարան-2005: Մենք էլ կքվեարկենք» կարգախոսներով: Ցույցի բանաձեւում նշվում է, որ «խորհրդարանականները աչք են փակում հայկական սփյուռքի կողմից ֆինանսավորվող «Ասալա» ահաբեկչական կազմակերպության կազմակերպած տասնյակ թուրք դիվանագետների սպանության, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքներիի օկուպացման եւ Լեռնային Ղարաբաղում տասհազարավոր ադրբեջանական թյուրքերի բնաջնջման փաստերի վրա»: Հայտարարելով, որ Բունդեսթագի կողմից բանաձեւի ընդունումը բացասական է անդրադառնում 2,8 մլն թյուրքական ծագում ունեցող ընտրողների դիրքորոշման վրա` փաստաթղթի հեղինակները խորհրդարանականներից պահանջում են հաշվի առնել այդ ընտրողների դիրքորոշումները: