«Հարսնաքար»-ի գործով մեղադրյալների պաշտպանները օգտվում են քննիչների բացթողումից

«Հարսնաքար»-ի գործով մեղադրյալների պաշտպանները օգտվում են քննիչների բացթողումից

PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, Կարինե Ղազարյանի նախագահությամբ, այսօր անփոփոխ է թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի կայացրած որոշումը, որով մերժվել էր «Հարսնաքար»-ի գործով տուժող կողմի բողոքն ընդդեմ ոստիկանության ու դատախազության:

Տուժող կողմի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը և Վահե Գրիգորյանը պահանջել էին վերացնել քննիչի որոշումը, որով մերժվել են նախաքննության ընթացքում բացթողումների ու խախտումների շտկմանն ուղղված իրենց միջնորդությունները: Տուժող կողմը պահանջել էր պարտավորեցնել «թույլ տրված խախտումներով և բացթողումներով գործը վերադարձնել քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար»:

Ըստ տուժող կողմի ներկայացուցիչների՝ նախաքննության մարմնի ամենամեծ բացթողումն այն է, որ չի պարզվել, թե կոնկրետ ում հարվածը կամ հարվածներն են պատճառել տուժող Վահե Ավետյանի մահը, ուստի «չի բացահայտվել տուժողի սպանությունը»: Այս փաստն էլ օգտագործում են մեղադրյալների պաշտպանները: Գործով դատախազ Արթուր Դավթյանը պարզաբանել էր, որ 6 մեղադրյալներին նույն մեղադրանքն է առաջադրվել, քանի որ նրանք միասնական դիտավորությամբ փորձել են վնաս պատճառել մի խումբ անձանց առողջությանը:

Տուժող կողմը վստահ է, որ «նախաքննությունը հապշտապ ավարտելու հետևանքով» չի պարզվել հանցագործության մեղսակից անձը՝ բացահայտված 6 անձանցից 5-ը թիկնապահներ են եղել, և որևէ քայլ չէին կարող կատարել առանց համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հանձնարարության կամ իմացության: Տուժող կողմը պահաների թվում է նաև գործի նախաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում՝ վերսկսելը` պաշտոնատար անձանց գործողությունները և դրանց շարժառիթները պարզելու համար:

Միջադեպ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---