2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.1% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 3.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.4%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների հավելաճը կազմել է 0.2%: Այդ մասին դեկտեմբերի 28-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
2012թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.3% միջին ամսական հավելաճ, ինչը 0.1 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից (0.4%):
2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`103.1%, ոչ պարենային ապրանքներինը`105.7%, ծառայությունների սակագներինը`102.1%, իսկ հունվար-դեկտեմբերին 2011թ. հունվար-դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 102.6%, 102.3, 104.6 և 102.1%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 1.2-2.6% հավելաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.3%-ով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը կներկայացնի գնագոյացման և գնաճի վերաբերյալ դեկտեմբեր ամսվա եւ տարվա տվյալները: