Երեկ ՀՀ կառավարության նիստում հաստատվել է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2013 2017թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Այդ մասին այսօր ասուլիսում հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: «Ռազմավարությունը միտված է նպաստելու երիտասարդների ապրելու, սովորելու և աշխատելու պայմանների բարելավմանը: Ընդ որում, գլխավոր շեշտը դրված է հենց երիտասարդ ընտանիքների պայմանների բարելավման վրա»,- ասաց նա` ընդգծելով, որ այդ ոլորտում կառավարությունը գերակա խնդիր է ճանաչել երիտասարդ ընտանիքների համար բարենպաստ սոցիալական միջավայրի ստեղծումը:
Քարամյանը նշեց, որ ընդունված ծրագրի շրջանակում շեշտը դրվել է նախ և առաջ երիտասարդ ընտանիքների բնակապահովման վրա: «Բնակարաններով ապահովումը ուղղակիորեն կնպաստի ծնելիության աճին, ինչը այսօր մեր պետության համար ազգային անվտանգության կարևոր նախապայմանն է: Ծնելիության խթանման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ քննարկվում է մինչև 20 տարեկան մայրերին և մայրանալ պատրաստվող կանանց ուսման վճարի մասնակի կամ լիարժեք հատուցման հարցը: Կարևոր խնդիր է նաև երիտասարդ ընտանիքների հատկապես տղամարդկանց գործարար միջավայրի ստեղծումը, որպեսզի նրանք արտագնա աշխատանքի չմեկնեն»,- նշեց նա` տեղեկացնելով, որ միայն 2011թ. Եվրոպայի և ԱՊՀ երկրներում արտագնա աշխատանքի է մեկնել 290 մլն մարդ:
Անդրադառնալով 2008-2012թթ. ռազմավարությանը` սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալն ասաց, որ նոր հաստատված ռազմավարությունը նախորդից տարբերվում է իրատեսությամբ: