Թուրքիան Ղարաբաղն ընկալում է հայկական պահանջատիրության համատեքստում: Այսօր Ղարաբաղը, վաղը` Նախիջևանը, հետո Կարսն ու Արդահանը: Տեսակետը լրագրող լրագրող Թաթուլ Հակոբյանին է, ով այսօր թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուի հետ խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին` հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում:
«Ղարաբաղի հարցը Թուրքիայի համար պատրվակ է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու համար: Եթե նույնիսկ Ղարաբաղի խնդիրը լուծվի, Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Հայաստանը սևով սպիտակի վրա չի գրել, որ տարածքային պահանջ չունի Թուրքիայից և չի պնդի Ցեղասպանության միջազգային ճանաչումը», - նշեց Թաթուլ Հակոբյանը:
Ռագըփ Զարաքօլուն նշեց, որ հայ-թուրքական արձանագրություններով Հայաստանը տվեց այն, ինչից ավելին չէր կարող, իսկ Թուրքիան տապալեց այդ արձանագրությունները: Հրատարակչի խոսքով ՝ դեռ 90-ականներից Թուրքիան ոչ մի քայլ որպես շանս չի ընդունում: Թուրքիայի նման վերաբերմունքը տարածաշրջանում իր բացասական հետևանքն է ունենում: Թուրքիան ամեն հարց դարձնում է ազգային անվտանգության խնդիր:
«Լավ, դու քո ազգային անվտանգության հարցում այդքան բծախնդիր ես, իսկ ինչ անեն մյուս պետությունները: Թուրքան տարբեր լծակներ ունի իր անվտանգությունը պահպանելու համար, ՆԱՏՕ-ի անդամ է, ինչ կարող է անել փոքրիկ Հայաստանը: Իմ երկիրը պետք է իր ընդհանուր քաղաքականությունը փոխի ու խաղաղության համար աշխատի»,- ասաց թուրք հրատարակիչը:
«Քանի դեռ Հայաստանում կա ռուսական զորքի ներկայությունը և ռուս զինվորներն են վերահսկում սահմանը, Թուրքիան չի անցնի սահմանը: Թուրքիան իր ագրեսիվ քաղաքականությունն ու տոնը կարող է տարածել շատերի վրա, բայց ոչ Ռուսաստանի: Վտանգը Ադրբեջանից է գալիս», - ասաց Թաթուլ Հակոբյանը: