«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի մոտ այն տպավորությունն է, որ որոշ թեկնածուներ առաջադրվել են մյուսներին ինչ-որ բան պարտադրելու համար: «Չի կարելի առաջադրվել ու փորձել պարտադրել ինչ-որ ռազմավարություն։ Դա ոչ միայն անհեռանկարային է, այլև սխալ: Կարծում եմ, որ մինչև ինքնաբացարկի ժամկետի ավարտը կունենանք թեկնածուների կրճատում: Եթե դա տեղի ունենա, ապա դա նշանակում է, որ այդ 8 միլիոնը նրանցը չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ նրա` բոյկոտի կոչերը արհեստական խնդիր են ստեղծում լայն հասարակության համար: «Մենք պետք է նաև հաղթահարենք արհեստական բոյկոտի խնդիրը: Ես չեմ հասկանում, որ թեկնածուներն առաջադրվում են, այնուհետև հրաժարվում: Շատ ավելի ճիշտ է ասել, որ հույս չունեն հաղթելու, կամ ընտրողն իրենց չի վստահում, քան գալ ու ասել, որ թեկնածուները չպետք է մասնակցեն: Սա առաջին ընտրությունները չեն, որ ունենք տարօրինակ թեկնածուներ»,- նկատեց նա:
Ստյոպա Սաֆարյանի բնորոշմամբ` մի հոսանք կա, որը փորձում է ընտրողներին մոլորեցնել: Մարդիկ կամա թե ակամա դառնում են այդ հոսանքի մասնակից: