23 հունվարի 2013 - 16:43 AMT
Ալեքսանդր Ցինկեր. Իսրայելցիները ցանկանում են նոր դեմքեր տեսնել քաղաքականության մեջ

Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ իսրայելցիները ցանկանում են նոր դեմքեր տեսնել քաղաքականության մեջ, ինչպես աջակողմյանների, այնպես էլ ձախակենտրոնամետների թվում: Քվների հաշվարկի արդյունքում այդ երկու դաշինքները ստացել են 60-ական մանդատ, ինչն անսպասելի է, քանի որ ըստ կանխատեսումների պետք է լիներ 60 և 40 տոկոս հարաբերակցություն: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտարարել է իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը՝ մեկնաբանելով Քնեսեթի ընտրությունների արդյունքները: Ըստ նրա, Յաիր Լապիդի «Եշ Ատիդ» կուսակցությունը, որը 19 մանդատ է ստացել, հենց այդ «նոր անուններն են»: «Լապիդի կուսակցությունը ընտրությունների գնաց «Յուրաքանչյուրը պետք է միատեսակ իրավունքներ ու պարտականություններ ունենա» կարգախոսով: «Այսօր Յաիր Լապիդի նոր կուսակցության ձեռքում «ոսկե խաղաքարն է», առանց որի անհնար է իշխող կոալիցիայի ստեղծումը»,-ասել է նա: Այժմ Իսրայելին լայն կոալիցիա է հարկավոր տարբեր կուսակցությունների մասնակցությամբ: Այդ մասին արդեն հայտարարել են Բինյամին Նեթանյահուն և Յաիր Լապիդը: Իսրայելի առջև մի քանի չլուծված խնդիրներ կան՝ և արտաքին, տարածաշրջանային, և ներքին՝ սոցիալ-տնտեսական, ասել է Ցինկերը:

Ինչպիսի՞ն կլինի կոալիցիան և ով կդառնա վարչապետ: Կլինի արդյոք իրավակրոնական կոալիցիա, դժվար է ասել: Եթե Նեթանյահուն ստեղծի այդ կոալիցիան, ապա ԱՄՆ նախագահ Օբամայի հետ հարաբերություններն ավելի կվատթարանան, Եվրոպան էլ, որը հոգնել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից, կընկալի դա որպես մարտահրավեր: Լապիդը ևս կարող է ձախակենտրոնամետ կոալիցիա ստեղծել և գլխավորել կառավարությունը: Սակայն, կարծում եմ, որ Լապիդը վարչապետի դերում վաղաժամ լուծում է՝ նա պետք է աշխատի Քնեսեթում և կառավարությունում գոնե մեկ գումարման ընթացքում, շուրջը նայի, քաղաքական փորձ կուտակի: Հավանաբար, լայն կոալիցիան կձևավորվի Լիկուդ-Բեյթեյնու, «Եշ Ատիդ» «ՇԱՍ» և «Տնուա» կուսակցությունների ցուցակների հիման վրա : Հնարավոր է, որ միանա նաև «Կադիմա» կուսակցությունը, որը 28 մանդատներից պահպանել է միայն երկուսը:

Կրկնեմ մեկ անգամ ևս՝ առանց Լապիդի կուսակցության, կոալիցիա լինել չի կարող և ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով գրագետ նա կկարողանա վարել բանակցությունները»,-ասել է Ալեքսանդր Ցինկերը: