22 հուլիսի 2005 - 12:35 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է
Ռուսաստանում կան մարդիկ, այդ թվում նաեւ իշխանավորներ, որոնք գտնում են, որ եթե Վրաստանն ավելի շատ խնդիրներ ունենա, ապա նրան ավելի հեշտ կլինի իրականացնել «բաժանիր եւ իշխիր» քաղաքականությունը, հայտարարել է Ռուսաստանի Կրթությանն ու գիտությանը կողմ մարդկանց միության (ԿԳՄՄ) առաջնորդ, Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (ՀՔՀՄԻ) տնօրեն Վյաչեսլավ Իգրունովը` մեկնաբանելով Անդրկովկասում ազգամիջյան հակասությունների բորբոքման համար Ռուսաստանի հասցեին ուղղված Թբիլիսիի մեղադրանքները եւ Թուրքիային իր վաղեմի ռազմավարական դաշնակիցը ներկայացնելու փորձը: Նրա խոսքերով` Վրաստանն ինքն է ստեղծում խնդիրներ սեփական տարածքում: Լարվածությունը, որը գոյություն ունի հայերի նկատմամբ, վրացական իշխանությունների քաղաքականության արդյունքն է` նրանց հնարավորություն չեն տալիս իսկապես կրթություն ստանալ, զգալ իրենց լիիրավ քաղաքացիներ: Համենայն դեպս, Ջավախքի հայերը մշտապես տրտնջում են այդ խնդիրներից: Նույն խնդիրներն են օսեթների հետ, չէ որ նրանց զգալի մասը կարող է դառնալ վրացական իշխանությունների կողմնակից: Սակայն նրանց, փաստորեն, հեռացրել են բոլոր պետական պաշտոններից, օսեթների մեծ մասը հեռացել է Վրաստանից: Վրացիները չեն կարողանում լուծել ազգային խնդիրները: Քանի դեռ նրանք չեն սովորել հավասարի նման խոսել մնացած ժողովուրդների հետ, չհամարել նրանց հյուր իրենց տարածքում, ոչ մի լավ բան չի ստացվի, տեղեկացնում է Utro.ru-ն: