«Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունն իրեն տեսնում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ միևնույն քաղաքական թիմում և սատարում է նախագահի թեկնածու, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը:
Ըստ նրա` հրապարակում հայտնված հիմնական թեկնածուների նախընտրական ծրագրերից Սերժ Սարգսյանի ծրագիրը շահեկանորեն տարբերվում է, ինչը նախագահի այս թեկնածուին աջակցության աներկբա հիմք է տալիս:
Ընտրությունների ոչ մրցակցային լինելու մասին դիտարկումները Խոսրով Հարությունյանը բացատրում է քաղաքական կշիռների անհամադրելիությամբ: Իսկ ընդդիմադիր դաշտում հետընտրական միավորումը հավանական չի համարում:
Խոսրով Հարությունյանն անդրադարձավ ընտրապայքարից հրաժարված ուժերին: Նա նշեց, որ ՀՅԴ-ն ունի իր հստակ ծրագրային հունը և կշարունակի ընթանալ դրանով: ԲՀԿ-ն դեռ պետք է փորձի վերաիմաստավորել իր դերակատարումը` իրեն փորձելով գտնել այլ դիրքերում: ՀԱԿ-ը միավորված էր ընդդեմ, ոչ թե հանուն ինչ-որ բանի, և նման կառույցը կենսունակ լինել չի կարող: