25 հունվարի 2013 - 17:51 AMT
Հայաստանը 2012-ն ամփոփել է 7.2 տոկոս տնտեսական ակտիվությամբ

2012-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.2 տոկոսով 2011-ի նույն շրջանի համեմատ: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ այս ցուցանիշը ավելացել է 11.6 տոկոսով: Միաժամանակ, 2012-ի դեկտեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 7,2 տոկոսով:

2012-ի հունվար-դեկտեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 2,6 տոկոսով, միաժամանակ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.1 տոկոս գնաճ: 2012-ի դեկտեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ գնաճն ավելացել է 3.2 տոկոսով:

Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է ըստ իրականացված տնտեսական գործունեության տեսակների, այլ ոչ թե ավելացված արժեքի ծավալների հիման վրա, և չի պարունակում մաքուր արտադրական հարկեր և ֆինանսական միջնորդության ծառայություններ:

2012-ին Հայաստանում բյուջեի տնտեսական աճը նախատեսվում է 4.2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4±1,5 տոկոսի: