28 հուլիսի 2005 - 13:15 AMT
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի կառավարությունը հերթական նիստի ընթացքում հավանության է արժանացրել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ «2005-2006 թվականների ֆինանսական համագործակցության մասին», «Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ աշխատանքի եւ զբաղվածության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրերի ստորագրման վերաբերյալ առաջարկությունը: Հավանության է արժանացվել նաեւ Հայաստանի եւ Չեխիայի գլխավոր դատախազությունների միջեւ «Համագործակցության եւ իրավական օգնություն ցուցաբերելու մասին», «Հայաստանի կառավարությանը կից Պետական հարկային ծառայության եւ Լիտվայի ֆինանսների նախարարությանը կից Պետական հարկային վարչության միջեւ հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության մասին» պայմանագրերի ստորագրման վերաբերյալ առաջարկությունները: Մեկ այլ որոշմամբ հավանության է արժանացվել Հայաստանի կառավարության եւ Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի միջազգային զարգացման նախարարության միջեւ «Ծրագրային ֆինանսական օգնության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: