30 հունվարի 2013 - 14:28 AMT
Հայաստանում կոռուպցիայի համար դատապարտված անձանց 37.7 %-ը եղել են պաշտոնատար անձինք

Հանրապետությունում 2012 թ. ընթացքում հարուցված 309 կոռուպցիոն բնույթի քրեական գործերից 60-ը վերաբերել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված հափշտակություններին, 86-ը` հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն, 27 քրեական գործ` առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն, 36-ը` պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, 18-ը` կաշառք ստանալուն:

Հաշվետու ժամանակահատվածում ըստ էության ավարտվել են կոռուպցիոն բնույթի 281 գործ, 132 քրեական գործի վարույթ կարճվել է:

Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 149 քրեական գործով 39 անձ գտնվել է նախնական կալանքի տակ:

Ընթացք տրված 44 քրեական գործերով 39 անձի վերաբերյալ վարույթները կասեցվել են, որից 29-ով` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 10-ը` այլ հիմքով:

2012թ. ընթացքում հանրապետության դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 125 քրեական գործ` 187 անձի նկատմամբ, որոնցից դատապարտվել է 180 անձ:

Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, դատապարտված 180 անձից 68-ը կամ դատապարտված անձանց 37.7 %-ը եղել են պաշտոնատար անձինք (նախորդ տարի` 158-ից 68-ը կամ 43%-ը):