30 հունվարի 2013 - 16:33 AMT
ԿԱՐԾԻՔ
Երեք ամիս անց. Լուսինե Զաքարյանի բնակարանի հարցն այնպես, ինչպես կար

Երգչուհի Լուսինե Զաքարյանի և մանկավարժ, հասարակական գործիչ Խորեն Պալյանի բնակարանը փրկելու և այն տուն-թանգարանի վերածելու պահանջով ստարագրահավաքը դեռ շարունակվում է: Դանիայում բնակվող Շողակաթ Հախվերդյանը, ով այս ստորգրահավաքի համակարգողն է, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում իր զարմանքն արտահայտեց այն անտարբերության հանդեպ, որով վերաբերում են մարդիկ ու պատասխանատու մարմիններն այս հարցին.

«Արդեն սկսել եմ կասկածել, որ այս ստորագրահավաքի արդյունքը որևէ մեկին կհետաքրքրի, հատկապես՝ Մշակույթի նախարարությանը: Ամեն դեպքում, ստորագրահավաքը կշարունակվի և հուսով եմ՝ մինչև փետրվարի վերջ դրանց թիվը գոնե 1500-ի կհասնի, որ կարողանամ ուղարկել նախարարություն: Եթե ես կարողանայի բացի ստորագրահավաքից այլ կերպ աջակցել, որ այդ տունը թանգարան դառնա, գնել այն, կամ տալ այդ տան սեփականատերերին այն, ինչ ցանկանում են: Ցավոք, չեմ կարող», - ասաց Շողակաթ Հախվերդյանն ու ավելացրեց, որ զարմացած է արձագանքներից.

«Զարմանալի է , բայց հասարակ հարցերում մարդիկ այնպիսի անգրագիտություն են ցուցաբերում, որ չգիտես՝ ինչպես արձագանքել»:

Տան անմխիթար վիճակի մասին նոր չէ, որ հայտնի է: Շողակաթ Հախվերդյանն ասում է, որ սա տարիների պատմություն ունի: Խորեն Պալյանի մահից հետո այն փոխանցվել է ժառանգներին ու այլևս դրա ճակատագրով հետաքրքրվող չի եղել: Բանն այն է, որ այն մարդիկ, ում պատկանում է տունը անգամ Հյաաստանում չեն: Այն մասին, որ Լուսինե Զաքարյանի տունը ժամանակ առ ժամանակ ողողվում վերևի հարկերից թափվող ջրով PanARMENIAN.Net-ը տեղեկացրեց դեռ նախորդ տարվա նոյեմբերին: Այդ հրապարակումից 3 ամիս անց կրկին զանգահարեցինք Մշակույթի նախարարություն.

«Այդ բնակարանի հետ կապված որևէ գործընթաց չկա»: Նախարարության պատասխանն է: Գործընթաց կլինի, երբ նախարարություն դիմեն ժառանգները:

Իսկ ժառանգները գուցե երբեք էլ նախարարություն չդիմեն: Ասում են, որ բնակարանը վեճի առարկա է ու ժառանգներն իրենք էլ չեն կարողանում «կիսել այն»: Իսկ մինչ այդ, ինչպես ասաց ստորագրահավաքի համակարգողը. «սպասում ենք նախըտրական թոհուբոհն անցնի, տեսնենք` ինչ կլինի»:

Աստղիկ Հակոբյան