ՌՈՒՍԱԿԱՆ ԹԵՐԹԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԳՑՈՒՄ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - «Երկուշաբթի Հայաստանի խորհրդարանը արտահերթ նիստում սկսել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումները երկրորդ ընթերցմամբ: Ինչպես հավաստիացնում են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում, դա անհրաժեշտ է երկրի Հիմնական օրենքը «համապատասխանեցնելու համար եվրոպական չափանիշներին»: Սակայն, ըստ դիտորդների, մեծ է հավանականությունը, որ քննարկումների ժամանակ փոփոխությունների փաթեթը կվերածվի Հայաստանի նոր սահմանադրության նախագծի: Եվ այդ դեպքում երկրի գործող նախագահը կարող է իրավունք ստանալ սկսել նախագահական կարյերան զրոյից, այսինքն մնալ իր պաշտոնում եւս երկու ժամկետով»,-գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Ըստ գործող սահմանադրական նորմերի, նախագահ Քոչարյանը չի կարող առաջադրվել նախագահության երրորդ ժամկետի համար: «Իսկ եթե Հայաստանում նոր սահմանադրություն ընդունվի, ապա նման հնարավորությունը չի բացառվում»,-նշվում է հրապարակման մեջ: Հանրապետական Սահմանադրության նման ձեւափոխումը լրջորեն մտահոգել է հայկական ընդդիմությանը: Այդպես, ըստ «ՆԳ»-ի, ՀՀ Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ, «Արդարություն» դաշինքի քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ «հանրապետության իշխանությունները ի սկզբանե փորձում էին անցկացնել այսօր խորհրդարանում քննարկվող փոփոխությունները որպես հանրապետության նոր Սահմանադրության նախագիծ` օգտվելով փաստաթղթի վերնագրի երկակի մեկնաբանմամբ` «Հայաստանի Սահմանադրություն (բարեփոխված)»: Ընդդիմությունը առանձնապես գոհ չէ նաեւ ուղղումներից, ըստ որոնց նախագահին, եւ ոչ թե խորհրդարանին է վերապահվում վարչապետ նշանակելու իրավունքը: Ինչպես կարծում է Արամ Սարգսյանը, պատգամավորների կողմից վարչապետի թեկնածությունը երկրորդ անգամ մերժվելու դեպքում, Քոչարյանը իրավունք է ստանում ցրելու Ազգային ժողովը: «Նման փոփոխության ընդունումը թույլ կտա նախագահին իրավասությունների ժամկետը երկարացնելու դեպքում զբաղեցնել վարչապետի աթոռը, իսկ նախագահության բերել ընդունելի մեկին»,-ասել է Արամ Սրագսյանը: Սակայն Հայաստանի պաշտոնական իշխանությունները հիմք չեն տեսնում ընդդիմության նման մտավախությունների համար: Այդպես, Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ խորհրդարանում քննարկվող փոփոխությունները «ոչ այլ ինչ են, քան Հայաստանի գործող Սահմանադրության մեջ կատարվող ուղղումներ»: «Դրանք նաեւ իրավաբանորեն են ձեւակերպված որպես ուղղումներ, եւ այդպես էլ կլինի: Սահմանադրության փոփոխությունները չեն հանգեցնի նրո Հիմնական օրենքի ընդունմանը»,-ասել է Վ.Սողոմոնյանը: Մինչդեռ, «ՆԳ»-ն հաղորդում է, որ «Հայաստանի պաշտոնական իշխանությունների անկեղծությանը կասկածում են նաեւ Ռուսաստանում»: Ըստ ՌԴ նախագահության աշխատակազմում թերթի ունեցած լավատեղյակ աղբյուրի, «քննարկվող փոփոխությունների վերածումը նոր Սահմանադրության նախագծի եւ դրա հետագա ընդունումը անխուսափելի են»: «Որքան հայտնի է, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը արդեն փոխհամաձայնության են եկել այդ հարցի շուրջ: Կասկած չկա, որ ուղղումները կդառնան հայկական Սահմանադրության վերջնական տարբերակը»,-հայտարարել է «ՆԳ»-ին Կրեմլի բարձրաստիճան մի պաշտոնյա: Միեւնույն ժամանակ, նա կասկածում է այն տարբերակի իրատեսությանը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանը այնուամենյանիվ կգնա նախագահության երրորդ ժամկետի: «Սահմանադրության փոփոխությունները ավելի շուտ կարելի է դիտարկել որպես զիջում Եվրոպայի Խորհրդին Հայաստանի ղեկավարության կողմից, ինչպես նաեւ որպես քայլ, ուղղված ներքին ընդդիմությանը: Առաջարկվող փոփոխությունների նախագիծը ուղղված է Հայաստանի վերածմանը նախագահական հանրապետության, խորհրդարանի եւ վարչապետի իրավասությունների ընդլայնմանը: Նաեւ Քոչարյանը բազմիցս անգամ հայտարարել է, որ սա իր վերջին ժամկետն է: Ըստ ամենայնի, նա համաձայնվում է այս փոփոխություններին, հետագայում խաղաղ, առանց ներքաղաքական անկայունության հեռանալու համար, հնարավոր է նաեւ, թողնելով իր համար վարչապետի աթոռը»,-ասել է «ՆԳ» աղբյուրը: Դրան համաձայն է նաեւ հայ քաղաքագետ, ԱՊՀ Կովկասի ինստիտուտի գիտության գծով պրորեկտոր Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, ձեւականորեն ընդունվող փոփոխությունները սահմանափակում են, ոչ թե ամրապնդում նախագահի իշխանությունը: «Ըստ իս, նախագահ Քոչարյանի համար երրորդ ժամկետի տարբերակը անընդունելի է: Այժմ խորհրդարանում քննարկվող ուղղումները համաձայնեցված են Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ, ինչը չափազանց կարեւոր է Հայաստանի համար եւ կարող է դառնալ դրանց ընդունման հիմնական պատճառը»,-հայտարարել է «ՆԳ»-ին Ա.Իսկանդարյանը: Մինչդեռ, նշենք, որ ըստ «Հայաստանի Սահմանադրության (բարեփոխված)» 50 հոդվածի հանրապետության նախագահը ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից 5 տարի ժամկետով: Սակայն նույն անձը չի կարող զբաղեցնել Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը անընդմեջ երկու ժամկետներից ավելի: Հարկ է ուշադրություն դարձնել այն փաստին, որ հոդվածի «չաթազանց տեղեկացված» հեղինակները պնդում են, թե Ռ.Քոչարյանը առաջին անգամ նախագահի պաշտոնում է ընտրվել 1996 թվականի նոյեմբերին: Նշենք, որ իրականում, նախագահական ընտրությունները, որի արդյունքում Ռ.Քոչարյանը ընտրվեց նախագահության առաջին ժամկետում, տեղի են ունեցել 1998 թվականի մարտի 30-ին: Այդպիսով, չի կարելի չնշել, որ «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակված հոդվածի հեղինակները, հավանաբար, նպատակ ունեին մոլորության մեջ գցել ոչ այնքան տեղեկացված ընթերցողին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---