ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ ՄԻԱՅՆ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

PanARMENIAN.Net - «Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Կազանում կայացած բանակցությունների ընթացքում չի արձանագրվել տեղաշարժ, հայկական կողմը դրական է գնահատում հանդիպման արդյունքները»: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` հակամարտությունը կարող է կարգավորվել միայն փոխզիջումների հիման վրա: Հայ նախարարն ընդգծել է, որ երկու երկրների նախագահների հանդիպումը Կազանում հետագա բանակցությունների դաշտ է բացում ԱԳՆ ղեկավարների մակարդակով: «Կարծում եմ, ադրբեջանական կողմը նույնպես դրական է գնահատում Կազանում կայացած հանդիպման արդյունքները»,- հույս է հայտնել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Վ.Օսկանյանը նշել է, որ շուտով, հնարավոր է նրա հանդիպումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը հակամարտության տարածաշրջան: Ընդսմին, նա չի հստակեցրել այդ իրադարձությունների ժամկետները: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը չի կապել բանակցային գործընթացը Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ Հայաստանում սահմանադրական ուղղումների հանրաքվեի հետ: «Այդ գործընթացները տեղի կունենան մեր երկրներում այս տարի, իսկ բանակցային գործընթացն առայժմ չի տվել այնպիսի արդյունքներ, որոնք կարելի է արձանագրել թղթի վրա: Այնպես որ, անմիջական կապ ժամանակի շրջանակներում տվյալ դեպքում չեմ տեսնում»,- նշել է նա: Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Կազանում նվիրված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Հանդիպմանը ներկա են գտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---