Իշխանությունների և Պարույր Հայրիկյանի միջև գործարք է տեղի ունեցել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը`անդրադառնալով Պարույր Հայրիկյանի երեկվա որոշմանը: Նշենք, որ Հայրիկյանը երեկ հայտնեց, որ չի դիմելու Սահմանադրական դատարան, քանի որ որևէ ահաբեկչություն չի կարող շեղել հայ քաղաքական կյանքը բնականոն ուղուց: Ըստ Սեդրակյանի` գործարքը եղել է մինչ կրակոցները: Ինչպես նա նշեց, որ նախըտրական քարոզարշավի նոր ձևաչափ է առաջ եկել. «Հայրիկյանը դրել է նոր պայմաններ` ստեղծված իրավիճակներում ունենալով քաղաքական հաղթաթղթեր: Նա խոսում էր կոնկրետ օրենքի պահանջների մասին, սակայն մի քանի օր հետո իրարամերժ որոշում կայացրեց: Չեմ զարմանա, որ ընտրություններից հետո Հայրիկյանին տեսնենք Ազգային ժողովում՝ պատգամավորի աթոռին: Իրավիճակը նախատեսում էր կոնկրետ քայլ, սակայն թեկնածուն չարեց դա»,-նշեց Վ. Սեդրակյանը: Վերջինիս խոսքով` տպավորություն է ստեղծվում, որ նախընտրական քարոզարշավը վերածվել է շուկայական հարաբերութունների: «Համոզված եմ, որ Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիյանը նույնպես պայմանավորվել են իշխանությունների հետ»,-հավելեց թեկնածուն: