Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Լատվիայի Հանրապետության սահմանապահ ծառայության գլխավոր հրամանատար Նորմունդս Գարբարսին:
Նորմունդս Գարբարսը նախ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, ապա նշեց, որ Լատվիայի սահմանապահներն այսօր ակտիվ ծառայություն են իրականացնում Եվրոպայում` սահմանների պաշտպանության և պահպանման գործում: Լատվիայի սահմանապահներն ինտեգրված են միասնական կրթական համակարգին` ստանում են որակյալ կրթություն և անցնում վերապատրաստման դասընթացներ:
Նորմունդս Գարբարսը նաև նշեց, որ առկա են անհրաժեշտ նախադրյալներ հայ և լատվիացի սահմանապահների միջև համագործակցություն ծավալելու համար:
Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ այսօր Հայաստանը Եվրամիության հետ բազմաթիվ ուղղություններով իրականացնում է բարեփոխումներ և Լատվիայի փորձը, որպես Եվրամիության անդամ երկիր, մեծ է ու հետաքրքիր և այն կարող է օգտակար լինել Հայաստանի համար:
Քանի որ Հայաստանը և Լատվիան ԵՄ արտաքին սահմանների կառավարման գործակալության` FRONTEX-ի հետ ունեն համագործակցության համաձայնագրեր, ապա Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու թե FRONTEX-ի միջոցով և թե երկկողմ իրականացվող համատեղ ծրագրերին և միջոցառումներին, որոնք ամուր հիմք կհանդիսանան սահմանների համալիր կառավարման և սահմանային անվտանգության հետ կապված խնդիրները էլ ավելի արդյունավետ լուծելու համար:
Զրուցակիցները հույս հայտնեցին, որ Հայաստանի և Լատվիայի սահմանապահների միջև ուրվագծվող համագործակցությունը առաջիկայում կտեղափոխվի գործնական հարթություն: