2 սեպտեմբերի 2005 - 09:09 AMT
ԹՈՒՐՔ ԳՐՈՂԻՆ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՌՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայտնի թուրք գրող Օրհան Փամուկին մինչեւ երեք տարվա ազատազրկում է սպառնում Հայոց ցեղասպանության մասին արտահայտվելու համար: Թուրքիայի իշխանությունները հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ Փամուկը 2005 թվականի փետրվարին շվեյցարական «Tas Magazin» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, թե «այս հողի վրա սպանվել են 30 հազար քրդեր եւ մեկ միլիոն հայ, սակայն ինձանից բացի ոչ ոք չի համարձակվում խոսել դրա մասին»: Փամուկի արտահայտությունները բացասական արձագանք գտան ազգայնականների շրջանում, նրա հասցեին սկսեցին գալ անանուն սպառնալիքներ: Օրհան Փամուկի գործով դատարանի առաջին նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին: Ուժի մեջ մտած օրենսգրքի նոր խմբագրության համաձայն գրողի խոսքերը կարող են մեկնաբանվել որպես «թուրքական ազգային ինքնագիտակցության» վիրավորանք, որով նախատեսվում է մինչեւ երեք տարի ազատազրկում: Թուրքիայի դատախազության ներկայացուցիչները եւ գրողը ինքը դեռեւս ոչ մի կերպ չեն մեկնաբանել առաջադրված մեղադրանքները, հաղորդում է Reuters գործակալությունը: