Հինգ տարի հետո նախատեսվում է շահագործման հանձնել Մեղրիի ՀԷԿ-ը

Հինգ տարի հետո նախատեսվում է շահագործման հանձնել Մեղրիի ՀԷԿ-ը

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովն այսօր շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը և քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

Նա տեղեկացրեց, որ ըստ 2007 թվականի մարտի 19-ին ՀՀ և ԻԻՀ կառավարությունների միջև կայացած համաձայնության՝ նախատեսվել է Հայաստանի տարածքում՝ Մեղրիում, և Իրանի տարածքում՝ Ղարաչիլարում, կառուցել մեկական ՀԷԿ, որոնցից յուրաքանչյուրի դրվածքային հզորությունը կազմելու է շուրջ 130 ՄՎՏ: 2009 թվականի ապրիլի 14-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ԻԻՀ էներգետիկայի նախարարության միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ Մեղրի ՀԷԿ-Ի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ, որի համաձայն՝ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդրումների վերադարձի ողջ ժամանակահատվածում իրանական ներդրողից գնել Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ողջ ծավալը:

Մեղրի ՀԷԿ-ի հիմնարկեքը կայացել է նախորդ տարվա նոյեմբերին, նախատեսվում է այն շահագործման հանձնել հինգ տարի հետո, այնուհետև տասնհինգ տարի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է տեղափոխվի Իրան՝ ներդրողի կողմից կառուցվող բարձր լարման էլեկտրահաղորդման գծով: Շահագործման տասնհինգերորդ տարվա ավարտին Մեղրի ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին: Արա Սիմոնյանը նշեց, որ ՀԷԿ-ի կառուցման համար ներդրվելու է 300-330 մլն ԱՄՆ դոլար:

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---