3 սեպտեմբերի 2005 - 08:19 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԻՄԱՆԱԼ ԲԱՔՎԻ ՃՆՇՄԱՆԸ, ՎՍՏԱՀ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
«Ադրբեջանը շատ ուժեղ է, եւ Հայաստանը չի դիմանա նրա ճնշմանը: Սակայն մենք պատերազմ չենք ցանկանում, քանի որ շատ զոհեր կլինեն: Ես հավատում եմ, որ վաղ թե ուշ մենք կվերադարձնենք մեր հողերը: Թող ոչ ոք դրանում չկասկածի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` սեպտեմբերի 25-ին թուրքական «Հյուրիեթ» թերթին տված հարցազրույցի ժամանակ: «Յուրաքանչյուր ադրբեջանցի խորապես հավատում է, որ կգա մի օր, երբ օկուպացված հողերը կազատագրվեն, իսկ Ադրբեջանի դրոշը կրկին կփողփողա Ղարաբաղի վրա»,- ընդգծել է նախագահ Ի.Ալիեւը` մեկնաբանելով նաեւ Կազանում` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կայացած հանդիպումը: «Առայժմ արդյունքներ չկան: Հայերը սպասում են, որ մենք նրանց անկախություն կտանք: Սակայն դա անհնար է: Մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը: Ես ասել եմ Ռ. Քոչարյանին, որ մենք պատրաստ ենք երաշխավորել Ղարաբաղի հայ համայնքի անվտանգությունը: Ի պատասխան ընդգծել եմ, որ Բաքուն թույլ չի տա, որպեսզի համայնքի առջեւ որեւէ վտանգ ծառանա»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը` ավելացնելով, որ «սակայն նրանք (Հայաստանի Զինված ուժերը) չեն ցանկանում ազատել մեր հողերը»: Միաժամանակ Ի.Ալիեւը նշել է, որ վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ Վաշինգթոնը ցանկանում է, որպեսզի կողմերը լուծեն հակամարտությունը: «Ես չեմ հասկանում, թե ինչու զավթիչ պետություն հանդիսացող Հայաստանին չեն պատժում, չնայած անկասկած հասկանում եմ, որ հայկական լոբբին ուժեղ է: Ներկայիս իրավիճակը ծայրահեղ անարդարացի է»,- ասել է Ի.Ալիեւը: Նա նշել է, որ այդ խոսակցությունից հետո որոշ փափկություն է զգացել Ռ.Քոչարյանի դիրքորոշման մեջ, չնայած դա բավարար չէր խնդրի կարգավորման համար: «Մենք ձեռնարկել ենք հնարավոր բոլոր քայլերը: Սակայն Հայաստանը չի լսում միջազգային հանրության կարծիքին: Ադրբեջանի ավելի քան 1 միլիոն քաղաքացի մնացել է առանց տանիքի: Արեւմուտքը պայքարում է շուտափույթ կարգավորման օգտին: Մենք կձեռնարկենք դրա համար հնարավոր ամեն ինչ: Այնուհետեւ` կնստենք եւ կմտածենք»,- եզրափակել է Ի.Ալիեւը, տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: