6 սեպտեմբերի 2005 - 10:07 AMT
Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎ. ՈՐԵՎԷ «ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԵՍ ՉԵՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ
Խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կարող են հանգեցնել ԱՀ ներքաղաքական մթնոլորտի փոփոխմանը: Թեեւ հիմնական իրադարձությունները կսկսվեն Ադրբեջանում 2008 թվականին մոտ, երբ տեղի կունենան հերթական նախագահական ըբտրությունները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների ուսումնասիրման եւ միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովը: «Իսկ մինչ այդ իրավիճակը Ադրբեջանում հետզհետե կշիկանա: Ներկայիս խորհրդարանական ընտրությունների ընթացքում 25-30 տեղ (125-ից) կհայտնվի ընդդիմության ձեռքում, եւ դա կդառնա երկրում իրավիճակի փոփոխման որոշակի գործոն»,-նշել է քաղաքագետը: Ըստ նրա, իշխանությունները հույս ունեն, որ երկիր նավթադոլարների հոսքի ավելացման պայմաններում զգալիորեն կբարելավվի տնտեսական իրավիճակը եւ դա թույլ կտա մարել լարվածությունը հասարակության մեջ: Սակայն այդ նավթադոլարները օգուտ չեն տա բնակչությանը, այլ կկուտակվեն ոչ մեծ խմբի գրպաններում: «Արդեն այժմ նախանշվել է լուրջ տարանջատում բնակչության տարբեր խմբերի միջեւ եւ դժգոհության աճն ակնհայտ է: Սակայն այդ գործընթացը դեռ նոր է սկսվել: Ընթացիկ տարում ես որեւէ «նարնջագույն» հեղափոխություն չեմ ակնկալում»,-եզրակացրել է Ա.Յունուսովը: