Նախընտրական շրջանում ստեղծված «Մեդիա կենտրոն»-ը նոր հարթակ է`մեկտեղելու քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը: Վերջինիս խոսքով` լրատվամիջոցները բավականին պատրաստակամ էին աջակցել, համագործակցել իրենց կենտրոնի հետ: Նորաստեղծ կենտրոնի նպատակն է օգտակար լինել հասարակությանն ու լրատվադաշտին:
«Այս կենտրոնի ստեղծումն անհրաժեշտություն էր, քանի որ ընտրական գործընթացները դիտարկող կարճաժամկետ կամ երկարաժամկետ դիտորդական առաքելությունների տեղեկությունները ուշացման պատճառով սովորաբար կորցնում են ոչ միայն իրենց կարևորությունը, այլ հաճախ նաև ազդեցությունը, իսկ լրատվամիջոցների սահմանափակ ռեսուրսները հնարավորություն չեն տալիս օպերատիվ կապ հաստատել դաշտում գործող բոլոր խմբերի հետ: «Մեդիա կենտրոն»-ը կփորձի կամրջել երկու կողմերին»,- նշեց Մուրադյանը:
Կենտրոնը ընտրական գործընթացի բոլոր փուլերում կազմակերպելու է ասուլիսներ, ճեպազրույցներ, իսկ ընտրության օրը գրեթե բոլոր մարզերում լինելու են կենտրոնի ներկայացուցիչները, որոնց հետ կլինեն ուղիղ միացումներ:
Ասուլիսին ներկա Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը նշեց, որ Բրիտանական դեսպանատունը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի օգնի կազմակերպել ընտրական գործընթացները:
«Ուրախ ենք, որ կարող ենք օգնել Հայաստանին հասնել եվրոպական չափանիշներին: Այս կենտրոնը կարող է ապահովել ընտրական գործընթացների թափանցիկությունը»,-ասաց դեսպանը:
Նշենք որ «Մեդիա կենտրոն»-ը ստեղծվել է Բաց հասարակության հիմնադրամներ –Հայասատանի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Հայաստանի, Նիդերլանդների Թագավորության դեսպանատան և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ: