11 փետրվարի 2013 - 15:31 AMT
Առողջապահության նախարարի առաջին տեղակալը հորդորել է Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանն այսօր այցելեց հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Երկարատև զրույցի ընթացքում Հայկ Դարբինյանը հետաքրքրվեց նրա ինքնազգացողությամբ, ապա մասնագիտորեն մանրամասն բացատրեց, թե շարունակվող հացադուլն ինչ բարդություններ ու հետևանքներ կարող է առաջացնել օրգանիզմում։ Տեղեկացնելով, որ յուրաքանչյուր պահի վիճակը կարող է կտրուկ վատանալ, նախարարի առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին հորդորեց դադարեցնել հացադուլը։ Հայկ Դարբինյանը շարունակեց պնդել, որ միայն լաբորատոր-գործիքային համալիր հետազոտությունների արդյունքում կարելի է նրա առողջական վիճակի մասին ամբողջական պատկերացում կազմել։Միաժամանակ նա նշեց, որ նախարարությունը պատրաստակամ է ցանկացած պարագայում աջակցել թե՛ լաբորատոր-գործիքային հետազոտություններ կազմակերպելով, թե՛ անհրաժեշտ բուժում իրականացնելով և անգամ խորհրդատվություն տրամադրելով։

Անդրիաս Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց փոխնախարարին այցելելությաին համար և խոստացավ անհրաժեշտության դեպքում հեռաձայնել։ Ի դեպ, նախարարի առաջին տեղակալի ներկայությամբ չափվեց Անդրիաս Ղուկասյանի զարկերակային ճնշումը (այդ պահին` 90/60)։

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ հացադուլի վայրում շարունակվում է 24-ժամյա բժշկական հսկողությունը։