Փետրվարի 12-ին տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ Գառնի գյուղի արդիականացված փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:
Վերաբացման արարողությանը մասնակցում էին Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը, «Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ ղեկավարությունը և աշխատակիցներ, Գառնի գյուղի բնակիչներ:
Հայփոստի համար առաջնային է գյուղերի և մայրաքաղաքի բնակիչների համար ծառայություններից օգտվելու հավասար պայմանների ստեղծումը: Յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք, ներառյալ` հետնամասը, ամբողջովին վերանորոգված է: Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են նոր համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:
Նորացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով` այսպիսով ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելով Գառնիի բնակիչներին: Մինչև տարեվերջ նախատեսվում է արդիականացնել և նոր չափորոշիչներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք և մասնաճյուղ, որոնցից 8-ը` Երևանում, 52-ը` մարզերում:
Վերակազմակերպելով և արդիականացնելով կառուցվածքային, գործառնական, սուրհանդակային և կոմերցիոն սխեմաները` "ՀայՓոստ թրասթ մենեջմենթ"-ը մտադիր է "ՀայՓոստ"-ը դարձնել ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: