14 սեպտեմբերի 2005 - 09:18 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՍԱՆՔՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Սանքտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել` Ռուսաստանի տարվա շրջանակում անցկացվող «Սանքտ Պետերբուրգի օրեր» միջոցառումներին մասնակցելու նպատակով, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Կարեւորելով Ռուսաստանյան Դաշնության սուբյեկտների հետ համագործակցության խորացումը, Ռ.Քոչարյանն ասել է, որ այն լավ հիմք է նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման համար: Վ.Մատվիենկոյի խոսքերով, Սանքտ Պետերբուրգն այսօր ՌԴ ամենադինամիկ զարգացող սուբյեկտներից է: Նշելով, որ Երեւանում եւս առաջընթացն ու դրական տեղաշարժն ակնհայտ է, նա ասել է, որ իրենց նպատակն է ոչ միայն վերականգնել Հայաստանի հետ նախկինում եղած կապերն, այլեւ` ուրվագծել փոխգործակցության նոր ուղղությունները, որոնք կարտացոլվեն Երեւանի եւ Սանքտ Պետերբուրգի համագործակցության առաջիկա երեք տարիների համար մշակվող ծրագրում: Նրա խոսքերով, կողմերը հաջողությամբ կարող են համագործակցել կրթության, գիտության ոլորտում: «Սանքտ Պետերբուրգը հայտնի է որպես մշակույթի, գիտության կենտրոն, իսկ Հայաստանը միշտ աչքի է ընկել իր կրթական, գիտական մեծ ներուժով»,-հայտարարել է Սանքտ Պետերբուրգի նահանգապետը: Զրուցակիցներն առաջնային են համարել կողմերի միջեւ ինֆորմացիայի փոխանակումը եւ գործարար շփումների ակտիվացումը: Վալենտինա Մատվիենկոն տեղեկացրել է, որ մտադիր են առաջիկայում Երեւանում բացել Սանքտ Պետերբուրգի առեւտրի տուն: