15 սեպտեմբերի 2005 - 14:17 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԵԱՀԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՄԲ
Սեպտեմբերի 12-13-ին Վիեննայում տեղի ունեցան ԵԱՀԿ մասնակից պետությունների բարձր մակարդակի խորհրդատվություններ` նվիրված ԵԱՀԿ բարեփոխմանը: Խորհրդատվություններին մասնակցեց հայկական պատվիրակությունը ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանի գլխավորությամբ: Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ համապարփակ բարեփոխմանը վերաբերող խնդիրներ: Մասնավորապես մասնակից պետությունները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները ԵԱՀԿ արդյունավետության բարձրացմանը նվիրված զեկույցի կապակցությամբ: Զեկույցը պատրաստել էր հատուկ այդ նպատակով ստեղծված հեղինակավոր դիվանագետների եւ քաղաքական գործիչների յոթ հոգանոց խումբը: Զեկույցն անդրադառնում է ԵԱՀԿ բարեփոխման այնպիսի հիմնարար հարցերի, ինչպիսիք են կազմակերպության իրավական կարգավիճակի ձեռքբերման հարցը, ԵԱՀԿ կանոնադրություն ընդունելու առաջարկը, որոշումների կայացման եւ բանակցային մարմինների ընթացակարգերի բարելավումը, ԵԱՀԿ կառույցների, հաստատությունների, եւ դաշտային առաքելությունների արդյունավետության բարձրացումը, արտաբյուջետային մուծումների կանոնակարգումը եւ այլ հարցեր: Հայկակական կողմի դիրքորոշումները ներկայացվեցին ԱԳ նախարար Ա. Բայբուրդյանի եւ ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Ջիվան Թաբիբյանի աշխատանքային խմբերում ունեցած ելույթներում, ինչպես նաեւ հայկական պատվիրակության համահեղինակած փաստաթղթում, որտեղ Հայաստանի, Լիխտենշտեյնի եւ Իսլանդիայի պատվիրակությունները ներկայացրեցին համատեղ առաջարկություններ ԵԱՀԿ աշխատանաքային կառուցվածքի բարելավաման վերաբերյալ: Հայաստանը հետաքրքրված է ԵԱՀԿ արդյունավետության, նրա դերի ու հեղինակության բարձրացմամբ եւ գտնում է, որ պահպանելով ԵԱՀԿ գործող նորմատիվ հիմքը եւ հանձնառությունները` հարկավոր է ԵԱՀԿ-ը հարմարեցնել 21-րդ դարի իրողություններին եւ մարտահրավերներին: Խորհրդատվությունների արդյունքում որոշվեց ստեղծել ԵԱՀԿ արդյունավետության բարձրացմանը նվիրված աշխատանքային խումբ, որը կպատրաստի առաջարկությունների փաթեթ ընթացիկ տարվա դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարական հանդիպման ընդունմանը: