16 սեպտեմբերի 2005 - 07:31 AMT
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԿՈՒ ԲԱՆԱՁԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեն ընդունել է երկու բանաձեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Ամերիկայի Հայկական համագումարում: Առաջին բանաձեւի օգտին քվեարկել են կոմիտեի 35 անդամներ, դեմ` 11-ը, իսկ երկրորդի դեպքում 40-ը կողմ, 7-ը` դեմ: Ինչպես հայտարարել է կոմիտեի նախագահ Հենրի Հայդը, Կոմիտեի տվյալ որոշման դեմ հիմնական փաստարկ է ծառայել այն փաստը, որ «բանաձեւի ընդունումը չի բխում ԱՄՆ շահերից, քանի որ բացասաբար է ազդում Թուրքիայի հետ հարաբերություններին: «Սակայն, Հայոց ցեղասպանության փաստի բացառումը չի կարող արդարացվել այն մտավախությամբ, որ ճշմարտությունը կվնասի մեզ»,-հայտարարել է նա: Նշենք, որ թիվ 315 առաջին բանաձեւը, ներկայացված Ջոն Ռադանովիչի, Ադամ Շիֆի, ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեի եւ Ջո Նոլենբերգի կողմից, կոչ է անում ԱՄՆ նախագահին ապահովել, որպեսզի ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության իրողությունը իր ճշմարտացի արտացոլումը գտնի: Ավելի քան 120 կոնգրեսականներ պատրաստակամություն են հայտնել աջակցելու բանաձեւի ընդունմանը: Թիվ 195 երկրորդ բանաձեւը, որի նախագծի քննարկումը հետաձգվել էր Միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահի հետ համաձայնությամբ, ներկայացնում է իրենից ընդլայնված փաստաթուղթ, նվիրված տարածաշրջանային խնդիրներին, որտեղ այլ հարցերի թվում հաստատվում է նաեւ Հայոց ցեղասպանության փաստը: Հաջորդ քայլը կլինի տվյալ փաստաթղթերի քննարկումն ու քվեարկությունը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: