23 փետրվարի 2013 - 16:36 AMT
Հովհաննիսյնը՝ Վանաձորի քաղաքապետի մասին. Եթե ասել է, որ հայ ժողովուրդն անգիտակից է՝ անելիք չունի այստեղ

«Վանաձորն իմ պատասխանը տվեց: Շնորհավորում եմ ձեր և մեր բոլորի հաղթանակը», - Վանաձորում իր ելույթն այս խոսքերով սկսեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մեր պապերը հենց այստեղ, այս հրապարակում փրկեցին Հայաստանը, իսկ դուք փետրվարի 18-ին փրկեցիք մեր երկիրը, մեր ապագա սերունդը ու ասացիք, որ սա իմ Վանաձորն է, իմ Լոռին է», - ասաց Հովհաննիսյանը:

Նա ևս մեկ անգամ հորդորեց ոստիկաններին իրեն «նկարել», բայց «հանկարծ Հայաստանի քաղաքացիներին չվախեցնել» ու վաղը չսահմանափակել ժողովրդի տեղաշարժվելու իրավունքը:

«Եթե ձեր գործունեության մեջ սխալ հրաման իրականացնեք, պատասխան եք տալու օրենքի առաջ», - ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Վանաձորի քաղաքապետի հրաժարականի մասին տարածված լուրերին, «Ժառանգության» առաջնորդը նախապես ներողություն խնդրեց նրանից, եթե դրանք չեն համապատասխանում իրականությանն ու ասաց.

«Եթե ինքն ասել է, որ հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին անգիտակից է և դրա արդյունքում ինքը հաղթել է, ուրեմն նա անելիք չունի մեր հանրապետությունում», - եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եկել է ասել շնորհակալություն:

Նա հիշեցրեց, որ վաղը հավաքվելու են Ազատության հրապարակում ու ուղևորվեց Գյումրի: