28 փետրվարի 2013 - 13:51 AMT
Թուրքական ֆիլմ 1915թ. մասին. Ռուս-թուրքական թշնամանքն ու «կոտորված» թուրքերը

Համացանցում տարածվել է թուրքական «Երկար ճանապարհ դեպի տուն» դրամայի թրեյլերը: Ֆիլմն ուշագրավ է այն առումով, որ գործողությունները տեղի են ունենում 1-ին աշխարհամարտի տարիներին, ավելի հստակ 1915 թվականի ձմռանը, Սարիղամիշի ճակատամարտին հաջորդած օրերին: Ֆիլիմի գործողություններն Արևմտյան Հայաստանի տարածքում են զարգանում: Հերոսները` թուրք սպա ու Արտաքին գործերի նախարարի կինն ու երեխաներն են, որ դեպի Էրզրում ճանապարհին հայտնվել են հայկական գյուղում, որտեղ միայն թուրք զինվորների դիեր են, որոնց «կոտորել է» ռուսական բանակը: Ռուս թշնամու կերպար է ներկայացվում ու առավելագույնս դաժան: Ֆիլմի մասին հեղինակները նշում են, որ այն ճակատամարտի հետևանքների դեմ պայքարել փորձող ընտանիքի միայն, զուտ, ընդամենը հոգեբանական վիճակի մասին է ու հենց դրանով է առանձնահատուկ:

Ֆիլմում թուրքերի «կոտորած» է, որից փրկված հերոսները դաժան ձմռան պայմաններում ստիպված են գոյատևել ու երկար ճանապարհ անցնել: Ոչինչ չի՞ հիշեցնում:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցում նշեց, որ նման ֆիլմեր նկարահանելը մտնում է թուրքական ռազմավարության տրամաբանության մեջ:

«Թուրքերը փորձում են փոխել 1915 թվականի շեշտադրումները, փորձում են ցույց տալ, որ 1915 թվականին պատերազմական իրավիճակում ոչ միայն շատ հայեր, այլև թուրքեր են զոհվել: Շուտով ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև Սարիղամիշի ճակատամարտի 100 ամյակն է լրանում: Արևելյան ճակատամարտից բացի հաճախ են խոսում նաև Արևմտյան ճակատում Դարդանելի ճակատամարտի ժամանակ բրիտանացիների կողմից «կոտորված» թուրքերի մասին»:

Թուրքագետը նշեց, որ թեև թրեյլերում հայերի դեմ ոչինչ չկա, բայց ֆիլմում հաստատ կլինի: Արտակ Շաքարյանը նկատեց նաև, որ այն լավ որակով է նկարահանված ու բավական հայտնի դերասանների մասնակցությամբ:

Ֆիլմի առաջին ցուցադրությունը նախատեսված է մարտի 8-ին: