Սիրիայից Լիբանան տանող ճանապարհին այսօր հայ է առևանգվել: Տեղեկությունը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Սիրիրայի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը: Նրա տվյալներով առանգվողը 1961թ.-ին ծնված Նազարեթ Սաբունջյանն է: Միջադեպը տեղի է ունեցել Բեյրութ տանող ճանապարհին` Խան Սըբբուլ բնակավայրի մոտ: Ժիրայր Ռեյիսյանը նաև նշեց, որ մինչ այժմ մանրամասներ հայտնի չեն, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը, դեռևս փրկագնի պահանջ էլ չի եղել:
Ռեյիսյանի տվյալներով Հալեպում շուրջ երկու տարի շարունակվող բախումների և անկարգությունների հետևանքով 85-88 հալեպահայ է առևանգվել. Նրանցից 6-ը դեռ գերության մեջ են, իսկ մեծ մասն ազատ է արձակվել: Բախումների հետևանքով վիրավորված հալեպահայերի թիվը մոտ 86 է, իսկ զոհերի թիվը` մոտ 40: Երկու զինծառայող` Խաժակ Աբելյանը և Ղազար Կարապետյանը, անհայտ կորած են համարվում:
Վերջին օրերին Հալեպում տիրող ընդհանուր իրավիճակի մասին Ժիրայր Ռեյիսյանը նշեց, որ հայկական թաղամասերում համեմատաբար հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել` չնայած կրակոցների ձայներ են լսվում քաղաքաի հեռու թաղամասերից ու հատկապես օդանավակայանի կողմից: