3 հոկտեմբերի 2005 - 08:43 AMT
Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը` IPAP ճանաչվել է ամենահաջողվածը
Այսօր Երեւանում կանցկացվի ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) նախապատրաստման հարցերով հայկական միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Նիստում քննարկվելու են Հայաստանի IPAP-ի Ներկայացման փաստաթղթի ուսումնասիրությունից հետո ՆԱՏՕ-ի արված առաջարկությունները: Հայաստանի իշխանություններն ակնկալում են մինչեւ տարեվերջ ավարտել IPAP-ի վրա տարվող աշխատանքները: Վերջերս Հայաստանի ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Արման Հակոբյանը հայտնել էր, որ IPAP-ի հայկական Ներկայացման փաստաթուղթը բարձր գնահատականի էր արժանացել Բրյուսելում եւ ՆԱՏՕ-ի Միջազգային Քարտուղարության կողմից ճանաչվել էր ամենահաջողը մինչ այսօր ներկայացված Ներկայացման փաստաթղթերի մեջ: Հիշեցնենք, որ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հունիսի 10-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆֆերին էր փոխանցել դաշինքի հետ Հայաստանի Անհատական գործակցության ծրագրի (IPAP) Ներկայացման փաստաթուղթը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նամակը: Հունիսի 16-ին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի ներկայությամբ պաշտոնապես ներկայացրեց Ներկայացման փաստաթուղթը Հյուսիսատլանտյան Խորհրդին եւ պատասխանեց Դաշինքի անդամ-երկրների դեսպանների հարցերին: Օգոստոսի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ «IPAP-ի արդյունավետ իրագործումը նոր մակարդակի վրա դուրս կբերի ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները»: Նախարարը հայտնել էր, որ Ներկայացման փաստաթղթում «Հայաստանը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի շուրջ մշտական խորհրդակցություններ անցկացնելու, ինչպես նաեւ մեր պաշտպանական համակարգը ՆԱՏՕ-ի անդամների օգնությամբ եւ նրանց օրինակով արդիականացնելու եւ բարեփոխելու մտադրության մասին», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: