7 մարտի 2013 - 14:27 AMT
Բարևի հեղափոխության հնարավորությունները. Ի՞նչ պիտի ապացուցի «Ժառանգությունը»

Այսօր ընդդիմությունը խաղում է առաջին համարով, իսկ իշխանությունը դեռևս առճակատման չի գնում: Նման կարծիքի է ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Այս մասին փորձագետն ասաց այսօր մամուլիս ասուլիսի ժամանակ: ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, ով նույնպես ներկա էր ասուլիսին, հայտարարեց, որ անակնկալ ոչինչ չի եղել, քանի որ իշխանությունը մինչ ընտրություններն էլ կարծեք ձգտում էր չստանալ չափազանց շատ մեծ տոկոս, և խոսում էին միայն 60-65 տոկոսի մասին, և բնական է, որ մնացած 35 տոկոսը պետք է գնար որևէ այլ թեկնածուի: «Դա նորմալ թիվ է ընդդիմության համար՝ ցանկացած քիչ թե շատ բաց հասարակությունում: Փորձը ցույց է տալիս, որ մեզ մոտ չկա հավատ՝ ընտրության արդյունքների նկատմամբ, ինչը խնդիր է»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը:

Էդգար Վարդանյանն իր հերթին նկատեց, որ հասարակությունը չի վստահում իշխանություններին և չի ընդունում նրանց լեգիտիմությունը: «Հետագա զարգացումները կախված են նրանից, թե որքան արդյունավետ ծրագիր կներկայացվի՝ հաղթանակի ամրագրմանը հասնելու համար»,-ասաց նա: Քաղաքագետը կարծում է, որ «Ժառանգության» գործողություններում տրամաբանություն կա և այս ամենը տանելու է Սերժ Սարգսյանի հրաժարականին և նոր ընտրություններ կազմակերպելուն: Նա ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բարի հռետորաբանությունը PR է և հասարակության պահանջն է, սակայն այդ բարության մեջ կան կոշտ գործողություններ: Ըստ նրա՝ ընդդիմությունը պետք է գործողությունների հստակ ծրագիր ներկայացնի, հստակ ունենա ռազմավարություն:

Ալեքսանդր Մարկարովն էլ պատասխանեց, որ «Ժառանգությանը» մնում է մայիսի 6-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ապացուցել, որ այդ ընդդիմադիր զանգվածի ձայներն իրոք իրենն են: