Բեռլինում քննարկվել են Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները![]() 15 մարտի 2013 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Մարտի 14-ին կայացավ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Գիդո Վեստերվելեի հանդիպումը: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարի Հայաստան իր այցելությունը և սպասում է նորից այցելելու հնարավորությանը: Նախարար Վեստերվելեն գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ և ընդգծեց, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության առավել զարգացմամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշեց, որ անկախությունից ի վեր հայ-գերմանական հարաբերությունները կանոնավոր կերպով զարգացել են, իսկ վերջին տարիներին նոր թափ են ստացել՝ ամրապնդվել և ընդլայնվել։ Նախարարը վստահություն հայտնեց, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ դրանք առավել կխորանան: Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ Գերմանիան հանդիսանում է Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրողներից մեկը, շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին: «Հայաստանը գերմանական զորախմբի հետ է խաղաղապահ գործունեություն իրականացնում Աֆղանստանում, և այդ ձևաչափով համագործակցությունը ապացուցել է իր արդյունավետությունը»,- ասաց նախարար Նալբանդյանը: Նախարարները գոհունակությամբ ընդգծեցին, որ երկու երկրների միջև զարգանում է փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ստեղծվել է ամուր իրավապայմանագրային դաշտ, ակտիվ են միջխորհրդարանական շփումները, ընդլայնվում են գործարար կապերը: Զրուցակիցները արծարծեցին նաև մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության սերտացման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները անդրադարձ կատարեցին կովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանն առնչվող հարցերին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին: Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը: Նախարարներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը: Նախարարները պայմանավորվեցին շարունակել պարբերական հանդիպումները՝ թե փոխադարձ այցելությունների, թե բազմակողմ համաժողովների շրջանակներում: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բունդեսթագի Գերմանիա - Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենին։ Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ձևաչափերից է և ողջունեց Բունդեսթագի պատգամավորների կողմից ձեռնարկվող քայլերն ուղղված հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացմանը: Այդ համատեքստում երկուստեք կարևորվեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի արդյունավետ այցելությունը Հայաստան։ Ավարտելով այցելությունը Գերմանիա՝ Էդվարդ Նալբանդյանը ուղևորվեց Աթենք: ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |