Մայր Աթոռ. Անընդունելի է քաղաքական շահարկումների թիրախ դարձնել եկեղեցին

Մայր Աթոռ. Անընդունելի է քաղաքական շահարկումների թիրախ դարձնել եկեղեցին

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ հետընտրական զարգացումների առնչությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հետևելով հետընտրական զարգացումներին և դրանց ընթացքում կատարված մեկնաբանություններին`հարկ ենք համարում նշել հետևյալը:

Բարձր ենք գնահատում մեր ժողովրդի ողջամտությունը, որ դարձավ երաշխիքը ընտրությունների խաղաղ և քաղաքակիրթ կազմակերպման և իրականացման:

Նկատի առնելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական առաքելությունների զեկույցներն ու գնահատականները, ինչպես նաև այլ տեղեկատվական նյութերը` Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հստակ արտահայտել է իր կեցվածքն ընտրության արդյունքների վերաբերյալ և անընդունելի է նկատում, երբ փորձ է արվում այսօր քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին, Հայոց Հայրապետին և անգամ ՀՀ նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը:

Մեծի պահոց այս շրջանում մեր ժողովրդի զավակներին հրավիրում ենք աղոթքի և կոչ ուղղում առաջնորդվել եղբայրսիրության ու համերաշխության ոգով` զերծ մնալով անհանդուրժողականության և ատելության դրսևորումներից:

Հորդորում ենք նաև Տիար Րաֆֆի Հովհաննիսյանին` դադարեցնել հացադուլը և ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ: Եկեղեցին չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն է, ասվում է հայտարարության մեջ»,- հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---