Հայաստանում այլևս չե՞ն լինի դեղին համարներով տաքսիներ

Հայաստանում այլևս չե՞ն լինի դեղին համարներով տաքսիներ

PanARMENIAN.Net - Տաքսիների գործունեության կարգավորման համար նախատեսված նոր օրենսդրական փաթեթով նախատեսվում է տաքսիների դեղին պետհամարանիշները փոխարինել ետևի ապակուն փակցվող կպչուն կտրոններով: Մի կողմից կառավարությունը մտադիր է հեշտացնել տնտեսվարողների գործունեությունն այդ ոլորտում այն առումով, որ այլևս հարկ չի լինի ձեռք բերել այդ կպչուն կտրոնը, որը գործնականում անհնար է կեղծել:

Սակայն, մյուս կողմից դա անհավասար պայմաններ է ստեղծում գործող տնտեսվարողների համար, որոնք աշխատում են օրինական հարկային դաշտում, ապօրինի տաքսի ծառայությունների համեմատ: Բանն այն է, որ 2007թ. տաքսիների գործունեության լիցենզավորման մասին օրենքում կատարված փոփոխությունները պարտավորեցրին տաքսի ծառայությունների սեփականատերերին չպահել իրենց շարժակազմում շահագործման 10 տարին գերազանցող մեքենաներ: Այդ կապակցությամբ տնտեսվարող սուբյեկտները ստիպված էին դիմել առևտրային բանկեր ու վարկային պարտավորություններ ստանձնել ավելի նոր մեքենաներ ձեռք բերելու համար: Ցավալի է, որ այդ սահմանափակումները հետագայում վերանայվեցին հենց նույն կառավարության կողմից, իսկ վարկերի վճարման պարտավորությունները դեռ մնում են:

Տաքսիների դեղին պետհամարանիշներից հրաժարվելը սոցիալական խնդիր կառաջացնի: Ուստի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն առաջարկում է ոչ թե հրաժարվել դեղին համարներից, այլ նվազեցնել դրանց գինը՝ 17 000 դրամից մինչև 3500 դրամ, ինչը կխթանի ապօրինի գործողներին մտնել հարկային դաշտ:

Վիճահարույց է նաև ամենօրյա բուժզննման ու տեխզննման հարցը, որից ևս ցանկանում են հրաժարվել: Առողջապահության նախարարությունը կտրականապես դեմ է ամենօրյան բուժննումից հրաժարվելու առաջարկին: Գաղտնիք չէ, որ միայն խոշոր տաքսի ծառայությունները կարող են իրենց թույլ տալ բուժաշխատող ունենալ:

Սպառողների ասոցիացիան առաջարկում է չհրաժարվել բուժզննությունից, այլ անցկացնել այն ամիսը 2 անգամ, նույնն էլ՝ տեխզննման պարագայում:

Նշենք, որ հանրապետությունում այսօր աշխատում է մոտ 15 000 տաքսի, որից 9 500 Երևանում: Իշխանությունները չեն սահմանափակում քանակը, քանի որ այսօր աշխատատեղերի հարց կա: Օրինական տաքսիները կազմում են շուկայի 70-75 տոկոսը, մյուս 30 տոկոսը՝ ապօրինի են: Նրանք մտածում են՝ ինչու լիցենզիա ունենալ, եթե ստուգումները ամիսը երկու անգամ են լինում և տեսուչների տեղերն էլ գիտեն՝ Բաղրամյանի և Դեմիրճյանի անվան փողոցներում: Ուրեմն ինչու վճարել 17 000 հազար դեղին պետհամարանիշի համար, 25 000 արտոնագրի համար, 9 500՝ ֆիքսված գումար և 5000 դրամ՝ եկամտահարկ:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ տաքսիների աշխատանքի ոլորտը Հայաստանում չի կանոնակարգվում, քանի որ լիցենզիան կարելի է կեղծել, իսկ տեխզննման կտրոնների 20 տոկոսն արդեն իսկ կեղծված է: Վարորդներին ստիպում են աշխատել օրական 12-24 ժամ, այն դեպքում, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված է 8-ժամյա աշխատանքային օր: Երկրում գործում են ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը, կա համապատասխան տրանսպորտի նախարարություն, կա ճանապարհային ոստիկանություն, որը կոչված է հետևելու կարգ ու կանոնին, սակայն տաքսիները կայանվում են ոչ թույլատրված վայրերում, դրանով իսկ խանգարելով հասարակական տրանսպորտի աշխատանքը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---