Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն ընդգծել է, որ իրենց բաժին է ընկել բավականին բարդ խումբ, որտեղ Ֆրանսիան ակնհայտ ֆավորիտ է, Բելառուսը բավականին մարտունակ և ուժեղ հավաքական ունի, որ վերջին տարիներին լուրջ հաջողություններ է գրանցում, իսկ Ղազախստանն ու Ւսլանդիան այնքան թույլ չեն, որքան Անդորրան:
«Մենք պայքարելու ենք ամենաբարձր տեղերի համար: Հաշվի առնելով, որ նախորդ ընտրական փուլում զբաղեցրել ենք երկրորդ տեղը, այս անգամ դրանից ցածր ցանկացած ցուցանիշ բացասական կլինի: Որքան էլ, որ մեզ համար շատ կարևոր է ազգային հավաքականին խաղացողներ մատակարարելը, բայց դա չի նշանակում, որ արդյունքը կարող է մղվել երկրորդ պլան: Այս երկու խնդիրների համադրումը, իհարկե, բարդ է, բայց մենք պետք է փորձենք գնալ այդ ճանապարհով»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է մարզիչը:
Նազարյանը նշել է, որ ընտրանու երկրորդ հավաքը հավանաբար կլինի մայիսի սկզբին, իսկ մայիսի 30-ից կսկսեն անմիջականորեն պատրաստվել հունիսի 6-ին կայանալիք ԵԱ-2015 ընտրական առաջին հանդիպմանը, որում մրցելու են Իսլանդիայի հետ:
«Մեծ թվով ֆուտբոլիստներ, որոնք մասնակցել են նախորդ շրջափուլին, կխաղան նաև այս անգամ: Ունենք նաև վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ, որոնք չեն մասնակցի այս հավաքին, բայց անպայման կլինեն հավաքականում հետագայում: Ընդհանրապես, աշխատելու ենք ընդգրկել հնարավորինս շատ ֆուտբոլիստների՝ հաշվի առնելով, որ 6 խաղ, այսինքն խաղերի մոտ 80 տոկոսն անցկացնելու ենք այս տարի»,- շեշտել նա:
Նազարյանի խոսքով, եթե իրենք կարողանան 4-5 ֆուտբոլիստի հասցնել ազգային հավաքականի մակարդակին և միևնույն ժամանակ ունենալ դրական արդյունք, իրենց առաջադրանքը կատարած կլինեն: