Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու, այն է`առանց հատուկ թույլտվության խաղային ապարատներ շահագործելու և եկամուտ ստանալու համար Ա.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը և նրան դատապարտել ազատազրկման, հայտնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ա.Հովհաննիսյանը 2009-2010թթ. մեկնել է ՌԴ և Մոսկվայում բնակվելու ընթացքում ձեռք բերել «Casino» և «Счастливое число» խաղային ապարատներ, դրանք մասնատել և 2010թ. նոյեմբերի 19-ին տեղափոխել է Հայաստան: Ա.Հովհաննիսյանը 2011թ.սեպտեմբերի 15-ին նշված ապարատներն ինքնուրույն հավաքել է և տեղադրել Արմավիրի մարզի Նորապատ համայնքի գյուղատնտեսական մթերքների շուկայի տարածքում: Չունենալով հատուկ թույլտվություն նա դրանք շահագործել է մինչև նույն թվականի հոկտեմբերի 13-ը և եկամուտ ստացել:
Ա.Հովհաննիսյանը դատաքննության ընթացքում զղջացել է կատարած հանցանքի համար և խնդրել իրեն ժամանակ տրամադրել` պետությանը պատճառված վնասը հատուցելու համար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. մարտի 13-ի դատավճռով Ա.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով` նրան զրկելով լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից` 1 տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: