21 մարտի 2013 - 21:06 AMT
Իվանյան գյուղի դպրոցական գրադարանում գեղարվեստական գրքեր չկան

Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի 195 աշակերտ ունեցող միջնակարգ դպրոցի գրադարանի 6182 գրքից բաղկացած ֆոնդում ընդամենը 305 գեղարվեստական գիրք կա:

Գրադարանավար Լենորա Գրիգորյան karabakh-open.info-ին տեղեկացրել է, որ համայնքում դպրոցական գրադարանից բացի, ուրիշ գրադարան չկա: Եղած գեղարվեստական գրակունությունը ժամանակին անձամբ է հավաքել շրջանի տարբեր գյուղերից:

«1993 թվականից գրադարանավար եմ աշխատել Խրամոթ գյուղի դպրոցում եւ այնտեղ մի կերպ գրադարան եմ ստեղծել: Երբ հիմնադրվեց Իվանյանը, եւ առանձին դպրոց բացվեց, ես տեղափոխվեցի այստեղ եւ նորից զրոյից սկսեցի գրադարան ստեղծել: Եղած աղքատիկ գրականությունը շրջանի ժողկրթբաժնի հատկացրած նոր հրատակաությամբ գրքերն են հիմնականում»,-ասել է Լենորա Գրիգորյանը:

Այժմ դպրոցական գրադարանը 55 օգտվող ունի, ովքեր սակայն օգտվում են ոչ թե եղած գրականությունից, այլ, այսպես ասած, գրադարանի շրջիկ կետից:

Բանն այն է, որ Լեոնորա Գրիգորյանն ամիսը մի քանի անգամ գալիս է Ստեփանակերտ եւ ծրագրային գեղարվեստական գրքեր վերցնում Հ.Թումանյանի անվան մանկական գրադարանից, որից էլ հիմնականում օգտվում են աշակերտներն ու ուսուցիչները: «Երեխաները շատ են դիմել մեզ՝ խնդրելով ավելացնել գեղարվեստական գրականության ցանկը, բայց, ցավոք, ներկա դրությամբ ստիպված ենք բավարավել եղածով»,- պատմել է Լենորա Գրիգորյանը: