22 մարտի 2013 - 19:17 AMT
Սեյրան Օհանյան. Թեկուզ մեկ զոհը նշանակում է, որ դեռ ցուցանիշները բարելավելու խնդիր ունենք

Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերում կարգապահության ամրապնդման և բարոյահոգեբական վիճակի բարձրացման ոլորտում զգալի առաջընթաց է արձանագրվել: Այս մասին այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած կոլեգիայի նիստի ընթացքում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՀՀ զինված ուժերում բարոյահոգեբանական ապահովման համակարգի խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ ազգային գաղափարախոսության ներդրմամբ, ինչպես նաև ազգային բանակի լավագույն ավանդույթների կիրառման և իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցով արատավոր երևույթների դեմ պայքարի ընթացքը քննարկելու նպատակով է ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ տեղեկալները, վարչություների պետեր, բանակային կորպուսների և զորամասերի հրամանատարներ, Ազգային անտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պաշտպանության նախարարն իր խոսքում նշել է, որ վերջին տարիներին զինված ուժերում բավականին լուրջ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ. «Կարգապահության ամրապնդման ոլորտում մեր անելիքները մշտական են և անսպառ: Որքան էլ հաջողություններն ակնհայտ լինեն, թեկուզ մեկ զոհի առկայությունը ցույց է տալիս, որ մենք դեռ աշխատելու և ցուցանիշները բարելավելու խնդիր ունենք»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ասել է, որ վերջին տարիներին Զինված ուժերում իրականացված բարեփոխումները, զորքերի բարոյահոգեբանական ապահովման համալիր միջոցառումները, անձնակազմի հետ տարվող տեղեկատվական-դաստիարակչական աշխատանքներում ներդրված նոր սկզբունքներն ու մոտեցումները, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված բազմավեկտոր կանխարգելիչ աշխատանքները հանգեցրել են դրական արդյունքների և հաջողվել է ցուցանիշների առաջընթաց գրանցել:

Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը, ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչություն պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, բանակային կորպուսների և զորամասերի հրամանատարներ և այլք: Ելույթներում ներկայացվել է ՀՀ զինված ուժերում բարոյահոգեբանական ապահովման համակարգի խնդիրները և դրանց լուծման ուղիները, արատավոր բարքերի դեմ պայքարի մեթոդները, ինչպես նաև ազգային գաղափարախոսության ներդրման տեսլականը և ուղենիշները:

Ակտիվ քննարկումների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ և հստակ ժամանակացույցեր սահմանել աշխատանքները պատշաճ կերպով իրականացնելու նպատակով: