26 մարտի 2013 - 12:00 AMT
Թբիլիսիում քննարկել են Վրաստանում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցերը

Մարտի 20-22-ը պաշտոնական այցով Թբիլիսիում էր գտնվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությանն ուղեկցում էր Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: Այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարը մարտի 21-ին հանդիպումներ ունեցավ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի, մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ մշակույթի նախարարը կարևորեց վարչապետի` տարեսկզբին Երևան կատարած այցելությունը, ինչը լուրջ խթան հանդիսացավ, մասնավորապես, երկկողմ մշակութային համագործակցության ծրագրերի հստակեցման և համատեղ իրականացվելիք միջոցառումների նախանշման առումով: Վրաստանի վարչապետը պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել երկու ժողովուրդների միջև մշակութային համագործակցության խորացմանը և մշակութային կապերի ամրապնդմանը: Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը նախարար Հասմիկ Պողոսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում բարձր գնահատեց հայ և վրաց եղբայրական ժողովուրդների հազարամյակների պատմություն ունեցող բարեկամությունը և կարևորեց երկու ժողովուրդների բազմադարյա մշակութային ժառանգությունը սերունդներին հասու դարձնելուն ուղղված քայլերը: Միաժամանակ, կողմերը կարևորեցին եկեղեցական և հոգևոր ժառանգության պահպանման ոլորտում համագործակցությունը` որպես մշակութային համագործակցության կարևոր բաղադրիչ:

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ տեղի ունեցած առանձնազրույցի և երկու երկրների մշակույթի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների մշակութային համագործակցության ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ թվում` Վրաստանում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև մշակութային ծրագրերի ու միջոցառումների իրականացման վերաբերյալ խնդիրներ:

Նախարար Հասմիկ Պողոսյանն իր գործընկերոջ հետ միասին և պատվիրակության այլ անդամների ուղեկցությամբ այցելեց Թբիլիսիում գտնվող Սբ.Նորաշեն, Սբ. Նշան և Մուղնու Սբ. Գևորգ հայկական եկեղեցիներ` ծանոթանալու վերականգնողական աշխատանքների նախագծային և այլ մանրամասների հետ: Վրաստան կատարած այցելության մշակութային ծրագրերի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Մծխեթայում գտնվող վրաց ուղղափառ եկեղեցու Սվետիցխովելի և Շիոմգվիմելի վանական համալիրներ:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց և մասնակցեց նաև մի շարք մշակութային և համայնքային միջոցառումների: Մասնավորապես, ՀՀ մշակույթի նախարարն այցելեց Թբիլիսիում գործող «Դավթյանների տուն» թատրոն-թանգարան, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (լեգենդար «Վերնատուն»,) Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունում ներկա գտնվեց ժամանակակից անվանի բանաստեղծ Գագիկ Դավթյանի` հայ և վրաց պոեզիային նվիրված գրքերի շնորհանդեսին, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում հանդիպեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախարար Հասմիկ Պողոսյանը, անդրադառնալով իր եռօրյա աշխատանքային հանդիպումներին և բանակցություններին, ընդգծեց, որ այսօր ստեղծված է բարենպաստ մթնոլորտ երկու երկրների մշակութային համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Ներկայացնելով երկու երկրների մշակութային համագործակցության հեռանկարները` նախարարը մանրամասն խոսեց առաջիկայում իրականացվելիք կարևորագույն համատեղ միջոցառումների մասին, ինչպես նաև իր մոտեցումները հայտնեց համայնքային մշակութային կյանքի ակտիվացման և այդ ուղղությամբ համայնքային և հայաստանյան կառույցների համագործակցության վերաբերյալ: