Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության միջոցառումները

Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության միջոցառումները

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում կայացավ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության պլանավորման ամենամյա համաժողովը: Միջոցառմանն ամերիկյան կողմից մասնակցում էին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի և Եվրոպայում ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչներ:

Համաժողովի նպատակն էր քննարկել 2013-2014թ.թ. ընթացքում հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ուղղությամբ ծրագրված միջոցառումները և ստորագրման նախապատրաստել ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության միջև պաշտպանական համագործակցության պլանը: Համագործակցության պլանի նպատակներն են.

- Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրագործման աջակցությունը` նպաստելով ՆԱՏՕ-ի հետ ռազմական փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը,

- պրոֆեսիոնալ ռազմական կրթության զարգացման աջակցությունը` նպաստելով պրոֆեսիոնալ սերժանտական կազմի` կրտսեր հրամանատարների պատրաստմանը,

- խաղաղապահ գործողությունների, ռազմաբժշկական առաքելությունների և ականազերծման գործողությունների նախապատրաստման գործընթացի աջակցությունը,

- ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կազմով վերապատրաստման կազմակերպումը Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ԶՈՒ մարտական պատրաստության կենտրոններում:

ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության միջև պաշտպանական համագործակցության պլանը ստորագրվելու է նամակների փոխանակման միջոցով առաջիկա շաբաթվա ընթացքում: Ինչպես հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից, Ամերիկյան պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել են համագործակցության ամրապնդումը խաղաղապահ կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների ոլորտներում:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կարևորել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հետ պաշտպանական համագործակցության ծրագրի ստորագրումը և համագործակցությունն առավել թիրախային դարձնելու կողմերի պատրաստակամությունը:

Ամերիկյան կողմը ողջունել է պաշտպանության ոլորտում ԱՄՆ հետ համագործակցության զարգացնելու ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը և ընդգծել, որ համագործակցությունն ընդհանուր նպատակներ է հետապնդում և ուղղված է միջազգային կայունության ու անվտանգության ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---