27 հոկտեմբերի 2005 - 14:38 AMT
Ռ.Քոչարյանը եւ Ռ.Սիմոնսը գոհունակություն են հայտնել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առիթով
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել ծավալված համագործակցության առիթով եւ կարեւորել հնարավորինս կարճ ժամկետում ամբողջապես հստակեցված ծրագիր ունենալու անհրաժեշտությունը, ինչը հիմք կհանդիսանա առաջիկա մի քանի տարիներին Հայաստան-ՆԱՏՕ գործակցության համար: Անդրադառնալով ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ թեեւ դժվար է դրանք իրականացնել գտնվելով «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակում, սակայն Հայաստանը վճռական է այն կատարելու գործում: Կողմերը խոսել են նաեւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագրերի եւ տարածաշրջանի երկրներում ընթացող բարեփոխումների մասին: Ինչպես նշել է Ռոբերտ Սիմոնսը, ՆԱՏՕ-ն տարածաշրջանի նկատմամբ ցուցաբերում է միասնական մոտեցում, սակայն գործընկերություն է ծավալում հաշվի առնելով նաեւ յուրաքանչյուր երկրի իրողությունները: